ԵՐԱԶԱՆՔԻՑ՝ ԲԻԶՆԵՍ
Երազանքից ցանկացած նպատակ տանող ճանապարհը երկար է ու խոչընդոտներով հարուստ, բայց եթե գործդ անում ես մեծ սիրով ու նվիրումով, ուրեմն անպայման կհաջողես: Հենց այս կարևոր միտքն է ուսանողների հետ հերթական հանդիպման ընթացքում փոխանցում Մաթևոս Բարսեղյանը՝ ONE WAY GROUP ընկերության հիմնադիրը: Այսօր խոսել ենք ուսումնական հաստատություններ այցերի, ուսանողների հետ շփման կարևորության և նրանց հետ մասնագիտական փորձը կիսելու մասին:
Դուք ոլորտում աշխատում եք 2011թ-ից: Այս տարիների ընթացքում ի՞նչ կարևոր կետ եք առանձնացրել, որով կբնութագրեք տուրիզմը:
Իմ փորձը տուրիզմում մոտ 14 տարի է և այս ժամանակահատվածում ամենակարևոր բացահայտումը ինձ համար եղել է այն միտքը, որ տուրիզմը ամենազգայուն ոլորտն է: Իսկ սա նշանակում է՝ ցանկացած փոփոխություն, իրավիճակով պայմանավորված լարվածություն անմիջապես ազդում է տուրիզմի վրա: Չնայած այս փաստին, չեմ կարող չնշել, որ ոլորտն ունի զարգացման ամենալայն հնարավորությունները՝ չմոռանալով, իհարկե, Հայաստանի ներուժի մասին:
Այսօր տարիների Ձեր կուտակած փորձով ու գիտելիքներով հնարավորություն ունեք կիսվելու երիտասարդների հետ: Այս նպատակով պարբերաբար հանդիպումներ եք ունենում ուսումնական հաստատությունների ուսանողների հետ: Որքանո՞վ եք կարևորում այդ հանդիպումները Ձեր գործունեության շրջանակներում:
Շատ կարևորում եմ նմանատիպ հանդիպումները, որովհետև ուզում եմ իմ փորձը կիսել ավելի երիտասարդ սերնդի հետ: Այս մեթոդով և՛ դու ես էներգիա տալիս, և՛ ստանում ես: Փորձով կիսվել նշանակում է նորից վերհիշել այն ամենը, ինչի միջով անցել ես, խոսել քո հաջողությունների ու ձախողումների մասին, որպեսզի երիտասարդները չկրկնեն այն սխալները, որոնք մենք, ավելի անփորձ լինելով, արել ենք:
Ինչպիսի՞ն է այսօր երիտասարդ սերունդը, ի՞նչ նպատակներ ու ձգտումներ ունի:
Եթե այսօրվա ուսանողին համեմատեմ իմ երիտասարդ տարիների սերնդի հետ, բավականին մեծ տարբերություն կա: Այսօր, երբ շփվում ես երիտասարդների հետ, նկատում ես, որ նրանք ավելի կատարելագործված են, գիտելիքների ու հետաքրքրությունների լայն շրջանակ ունեն: Իսկ իրենց տարիքում, օրինակ, ես այդքան տեղեկացված չէի, որովհետև համացանցը քիչ հասանելի էր: Հիմա մենք ունենք ավելի ուժեղ սերունդ, որն ավելի շուտ կհասնի արդյունքի, եթե լինի աշխատասեր:
Դուք հաճախ եք նշում այն միտքը, որ ցանկացած նպատակի հասնելու համար պետք է սիրես այն գործը, որը անում ես, միայն այդպես է հնարավոր հասնել հաջողության: Առանձնացրեք երեք կետ, որոնք անհրաժեշտ են ուսանողին սիրելի զբաղմունքը գտնելով՝ այն բիզնեսի վերածել:
Շատ լավ հարց է: Միանշանակ, երբ դու զբաղվում ես բիզնեսով, պետք է սիրես քո գործը, հակառակ դեպքում դա քեզ համար դառնում է ամենօրյա կրկնվող, անհետաքրքիր աշխատանք: Այսինքն, քո խնդիրը բիզնեսը զարգացնելն է, որը չես կարող ամեն օր անել մեծ ոգևորությամբ ու եռանդով: Երիտասարդներին խորհուրդս հետևյալն է՝ ցանկացած նախաձեռնության, նպատակի հասնելու համար միշտ հիշել այս երեք կետերը, ինչպես ոսկե կանոն: Առաջինը՝ աշխատասիրությունը, երկրորդը՝ հավատը հաջողության հանդեպ, երրորդը՝ չհանձնվելու հատկությունը: Միշտ լինելու են խնդիրներ ու խոչընդոտներ, բայց եթե դու գիտես՝ ուր ես գնում, ունես քո տեսլականը, անհնար է՝ հաջողության չհասնել:
ONE WAY ACADEMY-ի ONE TALK նախագծի շրջանակներում, որի նպատակն է ուսանողների հետ կիսվել ոլորտի հաջողության պատմություններով ու մասնագիտական հմտություններով, հանդես են եկել մի շարք գործարարներ տարբեր ուսումնական հաստատություններում: Սա լավ հնարավորություն է ուսանողների համար լսել, սովորել բազմաթիվ դժվարություններ հաղթահարած փորձառուներից, որոնք կարող են լինել մոտիվացիայի աղբյուր և վառ օրինակ, որ մեծ ջանքերի դեպքում ամեն բան հնարավոր է: