ՏՈՒՐԻԶՄՈՒՄ ՔՈ ԿՐԹԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

ՏՈՒՐԻԶՄՈՒՄ ՔՈ ԿՐԹԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

ONE WAY ACADEMY-ն հիմնադրվել է 2015թ-ին՝ մաս կազմելով ONE WAY GROUP ընկերության և դառնալով տուրիզմում մասնագիտական դասընթացների կազմակերպման հարթակ: Այս տարիների ընթացքում իրականացվող դասընթացների և փորձառու դասընթացավարների շնորհիվ աշխատաշուկան համալրվել է նոր մասնագետներով: Ակադեմիայի ստեղծման գաղափարի և առաքելության մասին զրուցել ենք ընկերության հիմնադիր Մաթևոս Բարսեղյանի հետ: 

 

ONE WAY ACADEMY-ն մեկնարկեց որպես ONE WAY TRAINING, իսկ 2024թ-ին վերանվանվեց ACADEMY: Ո՞րն էր կրթական այդ նախաձեռնության հիմնական նպատակը: 

Քանի որ ONE WAY GROUP ընկերությունը հիմնադրվել է 2011թ-ին՝ ներառելով ONE WAY TOUR-ը, ժամանակի ընթացքում մեր գործունեության ծավալները մեծացան, թիմը համալրելու կարիք կար, հատկապես՝ որակյալ զբոսավարների և տուր մենեջերների: Այդ նպատակով 2015թ-ին որոշեցինք մեկնարկել Զբոսավարների ուսուցման դասընթացը, որն ավարտած լավագույն ուսանողների հետ ընկերությունը պատրաստ էր համագործակցել: Այս դասընթացը հաջողվեց հենց սկզբից, և մեզ համար կադրերի հստակ խնդիր էր լուծում: Այսօր վստահ կարող եմ ասել՝ ոլորտում աշխատող շատ զբոսավարներ ավարտել են հենց մեր դասընթացը: Ավելի ուշ մենք նախաձեռնեցինք մյուս դասընթացները՝ տուր մենեջերների, հյուրանոցային գործի մասնագետների, տուրիստական բիզնեսի կառավարման և այլն: Նշեմ նաև, դասընթացների թիվը պարբերաբար ավելանում է՝ ըստ պահանջարկի: 

Ո՞ր արժեքներն եք կարևորում ակադեմիայի ուսուցման գործընթացում: 

Առաջին հերթին կարևորում եմ գիտելիքը: Եթե փորձեմ սա բացատրել հենց զբոսավարների օրինակով, ապա մենք կարող էինք որոշակի փորձ ունեցող ու շուկայում աշխատող զբոսավարների հետ համագործակցել, ովքեր քիչ թե շատ ծանոթ են Հայաստանի տեսարժան վայրերին: Բայց մենք ընտրեցինք այլ մարտավարություն. համագործակցել գիտակ դասընթացավարների հետ, նրանց օգնությամբ ուսանողներին բազային գիտելիքներ տալ Հայաստանի պատմության, աշխարհագրության, ճարտարապետության, արվեստի և հայ եկեղեցու պատմության մասին, ուղղորդել մասնագիտական նոր ճանապարհին՝ այդպես վերահսկելով որակը: 

Ո՞ր մասնագետների պահանջարկն է մեծ ըստ դասընթացների ակտիվության: 

Այս տարիներին կուտակած փորձի արդյունքում համոզվել ենք, որ պահանջարկը մեծ է առաջին հերթին հենց զբոսավարության ոլորտում, ինչպես նաև՝ արտագնա տուր մենեջերների: Այս երկու մասնագիտություններն էլ տուրիստական ակտիվ սեզոնին ապահովում են բարձր աշխատավարձ: Ակտուալ է նաև ներգնա և ներքին տուր մենեջերի մասնագիտությունը, ավիատոմսերի ամրագրման և վերջին շրջանում նաև տուրիստական բիզնեսի կառավարումը, երբ շուկայում արդեն գործող ընկերությունը գրագետ կառավարելու կամ նորը հիմնելու նպատակ կա: 

Տուրիզմի կրթական ոլորտում որո՞նք էին ամենամեծ մարտահրավերները 2025թ-ին: 

Ընդհանուր առմամբ անցնող 2025թ-ը տուրիստական ակտիվ տարի էր, ուստի պարբերաբար կարիք էր լինում թիմն ընդլայնելու, և այստեղ մենք բախվում էինք կադրերի լուրջ խնդրին: Ակտիվ սեզոնին ունենում էինք օտար լեզվի իմացությամբ զբոսավարների կարիք, որոնց թիվը, ցավոք, քիչ է: Այսինքն, դասընթացին կարող են մասնակցել պայմանական 30 հոգի, բայց նրանցից քչերն են տիրապետում օտար լեզվի, ինչը սեզոնի ամենամեծ մարտահրավերն է: Խնդիրը լուծելու համար փորձում ենք հայախոս մասնակիցների հետ հավելյալ աշխատանք տանել և նրանց ներգրավել ակտիվ տուրերին: Իսկ առհասարակ, տուրիզմում որակյալ կադրերի պակասը միշտ կա: Պատկերացրեք՝ այս պահին բոլոր տուրիստական ընկերություններն աճի միտում ունեն, իսկ նրանց տարեկան եկամուտը մի քանի անգամ աճելու հնարավորություն կունենա որակյալ ու կրթված մասնագետների շնորհիվ: 

Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակներին տուրիզմում կարիերա սկսելու համար: 

Այս ոլորտում առաջին քայլերն անելու համար նախ պետք է շատ սիրել տուրիզմը, Հայաստանը, զբոսաշրջիկներին և այդ դեպքում հաջողել հնարավոր է: Ոլորտը բարդ է, բայց նաև հետաքրքիր և այստեղ կարելի է շատ գումար աշխատել, եթե լինես պահանջված մասնագետ: Ուստի 2026թ-ին մեր առաջիկա ռազմավարության մասն է կազմում մեծ թվով նոր ուսանողներին ներգրավել ոլորտ, բացահայտել նրանց համար ոլորտի առանձնահակտությունները: Հուսանք նաև, որ շուկայի գործատուների օգնությամբ շրջանավարտները հնարավորինս շուտ կգտնեն աշխատանք իրենց գիտելիքը գործնականում լավագույնս կիրառելու համար: 

Այս տարիների ընթացքում ի՞նչն է Ձեզ ամենաշատը համոզել, որ ընկերության կրթական բաժին հիմնելը ճիշտ որոշում էր: 

Ես այդ զգացողությունն ունենում եմ ամեն անգամ, երբ դասընթացն ավարտած ուսանողը գրանցում է հաջողություն իր ընտրած մասնագիտության շնորհիվ՝ համալրելով ինչպես ONE WAY-ի թիմը, այնպես էլ ոլորտի մյուս ընկերությունների մասնագետների շարքերը, երբ այսօրվա ուսանողը վաղը վստահ քայլերով հիմնում է սեփական տուրիստական բիզնեսը: Այդ պահերին ես համոզվում եմ, որ մենք ոչ միայն գիտելիք ենք տալիս, այլ փոխում ենք մասնագիտական մտածողությունը: Իսկ կրթությունը ճիշտ կառուցված լինելու դեպքում դառնում է բիզնեսի բնական շարունակությունը: 

Lili Yeritsyan

Հեղ.՝ Lili Yeritsyan

Հրապարակվել է ՝ 05 Հունվ 2026