ԲԼՈԳ

Ճամփորդի՛ր Գևորգի հետ

19.10.22

Գևորգ Մաճկալյանը ավարտել է Եվրոպական համալսարանի Զբոսաշրջության ֆակուլտետը: 2021թ-ին մասնակցել է ONE WAY TRAINING-ի Զբոսավարների պատրաստման դասընթացին և աշխատում է ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում որպես զբոսավար:

Երբևէ չեմ մտածել, որ կյանքում չկան անելանելի իրադրություններ։ Սակայն ցանկացած դժվար իրավիճակում, միշտ էլ ամեն ինչ հեշտ է, երբ կողքիդ կան հարազատ մարդիկ։

Մասնագիտություն ընտրելիս առաջինը պետք է հասկանաս, թե որքանով է այն քեզ հոգեհարազատ։ Մոտիվացիայի գերագույն աղբյուրը չպետք է լինի նյութականը։ Կստեմ, եթե ասեմ, որ դա կարևոր չէ, սակայն ոգեշնչման աղբյուրը պետք է լինի ստացած բավականությունը՝ կատարած աշխատանքից։

Մարդիկ երբեմն չեն արժևորում իրենց ունեցածը։ Հաճախ այն ամենը, ինչ նրանց պետք է, արդեն իսկ ունեն։ Սակայն միայն կորցնելիս են հասկանում ունեցածի արժեքը։

Հայաստանի ճանապարհները միշտ հարազատ են։ Արտասահմանում հաճախ ճանապարհորդելիս, ամենաշատը կարոտում եմ մեր սարերը, այդ բացը չի կարող լրացնել ոչինչ:

Զբոսավար լինելով, սկսում ես այլ կերպ նայել այն ամենին, ինչը քեզ արդեն ծանոթ է։ Մասնագիտությունն ընտրելով՝ պարտավորվում ես մարդկանց ճիշտ ներկայացնել իրենց հայրենիքը։

Ոչ մի ուղի կյանքում չի անցնում առանց սխալների։ Այնուհանդերձ, պետք է խոստովանել, որ հենց սխալներն են կյանքի լավագույն ուսուցիչները։

Մի երազանք ունեի շատ տարիներ առաջ։ Երբ արդեն մեծ էի ու հասել էի երազանքիս, հասկացա երազանք բառի խորությունը։ Ցանկացած մարդ կյանքում կարող է իրականացնել իր երազանքը, սակայն ցանկությունից առավել կարևոր է գործել, և երազանքը կդառնա հասանելի։

Իսկական ընկերը նա է, ով քո կողքին է ցանկացած պահի։ Կարևոր է, որ նա միշտ չասի այն, ինչ դու ես ուզում լսել։

Եթե դու քո գործն այնքան ես սիրում, որ կարող ես անել փակ աչքերով, դա նշան է, որ չես սխալվել ընտրության հարցում և վստահ կարող ես շարժվել առաջ։

Նույնիսկ այն պահին, երբ զգում ես, որ երջանիկ ես, այնուամենայնիվ, թույլ մի տուր հույզերիդ կառավարել քեզ։ Ամեն լավ բան, ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ։

Ես ընդունում եմ կյանքն այնպիսին, ինչպիսին այն կա։ Դա նվեր է Ատծո կողմից, որի ամեն վայրկյանի համար պետք է շնորհակալ լինել և արժևորել այդ «նվերը»։ Այն ամենն ինչ ունես դու, մեկ ուրիշի երազանքն է։ Միշտ հիշիր դա։

Եթե ես կարողանայի փոխել ինչ որ բան, ապա ետ կտայի ժամանակը և այլ կերպ կնայեի շատ բաների։ Սակայն, ինչքան էլ հակասական հնչի, չեմ զղջացել ոչ մի կատարած քայլիս համար։